23:20 "Լիոնը" կրկին չի պարտվում "Ռեալին" | |
Ֆրանսիայում էլ "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակչի շրջանակներում հանդիպեցին հին "բարեկամները". "Լիոնը" սեփական հարկի տակ հյուրընկալել էր Մադրիդի "Ռեալին": Հանդիպումն անցավ բավականին հետաքրքիր ու լարված պայքարում: Այս երկու թիմերն իրենց խաղով ցույց տվեցին, թե ինչ է նշանակում "Չեմպիոնների լիգա". և մադրիդյան գրանդը, և ֆրանսիական ֆուտբոլի վերջին տասնամյակների լավագույն թիմը խաղացին երկրպագուների համար` ողջ խաղի ընթացքում ճնշիչ լարվածության մեջ պահելով բոլորին:
Ժոզե Մոուրինյոյի թիմը հիմնականում խաղի շեշտը դրել էր գնդակի կառավարմանը և երկար խաղարկմանը, մինչդեռ Կլոդ Պյուելի թիմը գործում էր մեծ նվիրվածությամբ` հանդիպման հիմնական շեշտը ուղղելով դեպի սուր հակագրոհները: Այժմ անդրադառնանք հանդիպման խաղակեսերին առանձին-առանձին: Առաջին խաղակեսը սկսվեց շատ բուռն ու առանց հետախուզման. երկու թիմերն էլ միանգամից առաջ նետվեցին: "Արքայական" ակումբը ցանկանում էր տիրել գնդակին ու տարածքային առավելություն ձեռք բերել, իսկ ահա լիոնցիները, տիրելով գնդակին, միանգամից առաջ էին շարժվում իրենց արագավազ եզրային խաղացողների ակտիվության շնորհիվ: Ողջ առաջին խաղակեսի ընթացքում "Ռեալի" խաղացողներին այդպես էլ չհաջողվեց մտնել Լլորիսի տուգանային հրապարակ ու լուրջ անհանգստացնել նրան, միայն Ռոնալդուի ու դի Մարիայի հեռահար հարվածներից հետո հնարավոր եղավ "Լիոնի" դարպասապահին գործի մեջ տեսնելու: Իսկ ահա լիոնցիների ձեռնարկած գրոհներն ավելի սպառնալից էին, թեև ողջ առաջին խաղակեսում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց: Անհաջող առաջին կեսից հետո Մոուրինյոյի թիմը սկսեց այլ կերպ խաղալ երկրորդ կեսում: Նախ տուգանայինից շատ վտանգավոր "կրակեց" Ռոնալդուն, ում հարվածից հետո գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին, ապա մի քանի րոպե անց պորտուգալացու փոխանցումից հետո Սերխիո Ռամոսը գլխով հիանալի հարված կատարեց, սակայն գնդակն այս անգամ էլ անդրադարձ կատարեց հորիզոնական դարպասաձողից: "Սերուցքայիններն" ի տարբերություն առաջին խաղակեսի զգալիորեն բարելավել էին իրենց խաղը, բայց դե չէին կարող անվերջ գրոհել, ու շուտով Մոուրինյոի սաների մոտ որոշակի հոգնածություն նկատվեց, որից սկսեցին օգտվել ֆրանսիական թիմի ֆուտբոլիստները և մի քանի անչափ վտանգավոր գրոհներ կազմակերպեցին: "Ռեալի" մարզիչը հասկացավ, որ այդպես չի կարելի շարունակել ու խաղադաշտ մտցրեց Քարիմ Բենզեմային: Ֆրանսիացուն "Լիոնի" երկրպագուները մեծ ոգևորվածությամբ դիմավորեցին. չէ՞ որ ընդամենը մի քանի տարի առաջ հենց Բենզեման էր տոն տալիս "Լիոնի" հարձակման գծին: Մի քանի րոպե անց հենց Բենզեման էլ առաջ մղեց իր թիմին` "բարեկամական" ապտակ հասցնելով "Լիոնին": Իր խփած գոլը Քարիմը չտոնեց` այդկերպ իր հարգանքը ցույց տալով ֆրանսիական թիմի խաղացողների ու երկրպագուների հանդեպ: Մի քանի րոպե անց խաղադաշտ դուրս եկավ "Լիոնի" երիտասարդ խաղացող Միրալեմ Պյանիչը, ում տուգանայինից կատարած փոխանցումից հետո էլ Բֆանտեմի Գոմիսը կարողացավ հավասարացնել խաղի հաշիվը` 1-1: "Սերուցքայիններն" ընդունած գոլից հետո խուճապի չմատնվեցին ու փորձեցին արագորեն խաղի առավելությունը կրկին իրենց կողմը թեքել, սակայն ոչինչ չստացվեց: Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով, իսկ "Ռեալն" արդեն 7-րդ խաղն անընդմեջ չի կարողանում հաղթել լիոնցիներին: Այս անչափ հետաքրքիր զույգի հաղթողը կորոշվի մարտի կեսերին Մադրիդի "Սանտիագո Բեռնաբեու" մարզադաշտում կայանալիք խաղի արդյունքում: Խաղի հերոսը. թեև խաղը կարելի է հավասար համարել, ինչի ապացույցը նաև արձանագրված հաշիվն է, սակայն լավագույն խաղացողը մեր կարծիքով պետք է ընտրել "Լիոնի" կազմից, քանի որ թիմն իրոք հզոր տեսք ուներ: Թե Գյուրկուֆը, թե Քրիսն արժանի են լավագույնը ճանաչվելու պատվին, բայց մեր կարծիքով այս խաղի լավագույն խաղացողը Բֆանտեմի Գոմիսն է, ով աչքի ընկավ ողջ հանդիպման ընթացքում` դառնալով նաև գոլի հեղինակ: Հ.Գ. Այս խաղից հետո ամեն դեպքում մարզասերները համոզվեցին, որ "Չեմպիոնների լիգան" որևէ առնչություն չունի ազգային առաջնությունների հետ, և այս մրցաշարում բոլոր թիմերն էլ կերպարանափոխվում են ու հարձակվողական ֆուտբոլ խաղում: | |
|
Total comments: 2 | |
| |