Home » 2011 » Փետրվար » 21 » Ռանյերին հեռանում է. "Ռոման" նոր մարզչի կարիք ունի
08:43
Ռանյերին հեռանում է. "Ռոման" նոր մարզչի կարիք ունի
Իտալական "Ռոմայի" գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին երեկ ուշ երեկոյան` "Ջենոայից" 4-3 հաշվով պարտություն կրելուց հետո հեռացել է իր զբաղեցրած պաշտոնից: Ա Սերիայի հերթական տուրում մրցակցի հարկի տակ 3-0 հաշվով հաղթելիս հռոմեական թիմը "համարձակվեց" 4 գնդակ բաց թողնել երկրորդ խաղակեսում ու ցավալի պարտություն կրեց: Մրցավարի` խաղի ավարտն ազդարարող սուլիչի ձայնից հետո Ռանյերին մտել է թիմի հանդերձարան և ֆուտբոլիստներին հայտնել իր որոշման մասին: "Ես "Ռոմային" միմիայն հաղթանակներ եմ մաղթում, իսկ ակումբի ղեկավարությունից ու ֆուտբոլիստների հետ աշխատանքից ես շատ գոհ եմ",- մեջբերել է իտալացի մարզչի խոսքերը Football Italia ռադիոկայանը:
"Գայլերի" նախագահ Ռոզելա Սենսին էլ իր հերթին հայտնել է, որ թիմի նոր մարզչի անունը հայտնի կդառնա այսօր մի փոքր ավելի ուշ. "Մենք ընդունեցինք պարոն Ռանյերիի հրաժարականը, քանի որ թիմն իրոք վերջին մրցաշրջանում անատամ խաղ է ցուցադրում: Ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է պարտվել, երբ հաղթում ես 3-0 հաշվով: Նախկինում նման բան մեր թիմի հետ չի եղել: Վաղը երեկոյան մենք խորհրդի նիստ կհրավիրենք և կքննարկենք մի քանի թեկնածու-մարզիչների հնարավորությունները, դրանից հետո կխոսենք խաղացողների հետ, իսկ վերջում ընդհանուր որոշում կընդունենք նոր մարզչի վերաբերյալ":
Իսկ ահա "Ռոմայի" նվիրյալ երկրպագուներն իրենց թիմի` "Ջենոայից" կրած պարտությունը խայտառակություն են որակել ու ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսի ուղղությամբ նետել են ձվեր ու նարինջներ: Ուլտրասները նաև հրապարակավ հայտարարել են, որ կցանկանային "Ռոմայի"  գլխավոր մարզչի դերում տեսնել իրենց նախկին խաղացող Վինչենցո Մոնտելլային:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 442 | Added by: Hartsat | Rating: 4.5/2
Total comments: 0