07:42 Ռոնալդոն խաղակոշիկները կախեց մեխից | |
Բրազիլացի հանրահայտ ֆուտբոլիստ, աշխարհի կրկնակի չեմպիոն, Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի երբեմնի առաջատար Լուիս Նազարիո դե Լիման կամ պարզապես Ռոնալդոն, ով 3 անգամ դարձել է նաև աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, ավարտեց ֆուտբոլային կարիերան: Այդ մասին 34-ամյա բրազիլացին հայտարարել է այսօր վաղ առավոտյան բրազիլական մարզական թերթերի լրագրողների համար կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ: Ռոնալդոն ասել է, որ դեռ մի քանի տարի էլ խաղալու մեծ ցանկություն ունի, բայց մարզական ծանրաբեռնվածությանն այլևս չի դիմանում: Իսկ ասուլիսի վերջում` արցունքներն աչքերին, Ռոնալդոն նշեց, որ իր ֆուտբոլային կարիերան ուղղակի հրաշալի է դասավորվել, թեև շատ հաճախ են իրեն հետևել ծանր վնասվածքները:
Վերջում հավելենք, որ Ռոնալդոն իր ֆուտբոլային կարիերան սկսել է բրազիլական "Կրուզեյրոում", ապա 1994թ. տեղափոխվել է հոլանդական "ՊՍՎ", հետո խաղացել է կատալոնական "Բարսելոնայում", Միլանի "Ինտերում", Մադրիդի "Ռեալում", Բերլուսկոնիի "Միլանում", իսկ 2009թ. հանդես էր գալիս բրազիլական "Կորինտիանսում", որը հենց վերջերս դուրս թռավ "Լիբերտադորեսի գավաթի" նախնական փուլից: Attachments: Նկար 1 | |
|
Total comments: 0 | |