09:59 "Տոտենհեմը" գրավում է "Սան Սիրոն" | |
Իտալիայի Ա Սերիայի առաջնության ներկայիս առաջատար "Միլանը" երեկ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8
եզրափակչի շրջանակներում սեփական հարկի տակ ընդունեց Լոնդոնի "Տոտենհեմին"։ Խաղի առաջին իսկ րոպեներից Ռեդնապի թիմը նետվեց գրոհների` փորձելով արագ գոլի հեղինակ դառնալ, սակայն "Միլանը" կարողացավ դիմակայել լոնդոնյան թիմի բուռն ու սրընթաց գրոհներին, թեև ողջ առաջին խաղակեսի ընթացքում ընդամենը մեկ շատ լուրջ վտանգ ստեղծեց Գոմեսի պաշտպանած դարպասին: Անգլիայից ժամանած հյուրերն էլ Ահարոն Լենոնի արագ գործողությունների և վան դեր Վարտի ճիշտ փոխանցումների օգնությամբ առաջին կեսում մի քանի անգամ լրջագույնս սպառնաց "Միլանին", բայց, այնուամենայնիվ, առաջին կեսն ավարտվեց գոլազուրկ 0-0 հաշվով:
Երկրորդ խաղակեսն անցավ շատ կոշտ, երբեմն անթույլատրելի կոպտության հասնող պայքարում. Մաթյու Ֆլամինի քիչ մնաց կոտրեր "Տոտենհեմի" պաշտպան Վերդան Չորլուկայի ոտքը: Ծանր վնասվածք ստանալով` Խորվաթիայի ազգային հավաքականի խաղացողը ստիպված լքեց խաղադաշտը: Մինչ խաղադաշտից դուրս օգնություն էր ստանում Չորլուկան, "Միլանի" կռվարար խաղացող Ջենարո Գատուզոն ծեծկռտուքի հրահրեց "Տոտենհեմի" գլխավոր մարզչի օգնականին` 59-ամյա շոտլանդացի մասնագետ Ջո Ջորդանին, ով մոտ 30 տարի առաջ խաղացել է հենց "Միլանում": Երբ կրքերը մի փոքր հանդարտվեցին, Ալեգրիի սաները սկսեցին ավելի մտածված գործել առջևի գծում և մի քանի անգամ Գոմեսին ստիպեցին ուղղակիորեն փրկել իր թիմին վերահաս գոլերից: Ռեդնապը, զգալով "Միլանի" ճնշիչ գրոհների վտանգավորությունը, խնդրեց իր սաներին պրեսինգ կիրառել: Դա տվեց իր բաղձալի արդյունքը. հանդիպման 80-րդ րոպեին լոնդոնյան թիմը Լենոնի արագավազության շնորհիվ արագ հակագրոհ կազմակերպեց, որի արդյունքում էլ աժդահա Փիթեր Կրաուչ հաղթանակ պարգևեց "Տոտենհեմին", որը դարձավ այս դիմակայության ընդգծված ֆավորիտը։ Իհարկե, Ալեգրիի սաները չընկճվեցին ու մի քանի վտանգավոր գրոհներ կազմակերպեցին, ավելին խաղի վերջին րոպեներին "ռոսսոներիների" առաջատար Իբրահիմովիչը շրջադարձ հարվածի օգնությամբ գոլի հեղինակ դարձավ, սակայն նրա մոտ խաղից դուրս իրավիճակ գրանցվեց, իսկ գոլն էլ չհաշվեցին: Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչի առաջին խաղից առաջ "Միլանի" հնարավորությունները մենք ավելի բարձր էինք գնահատել, բայց իտալական ակումբը չկարողացավ նույնիսկ ոչ-ոքի ավարտել սեփական հարկի տակ կայացած մրցավեճը. "Տոտենհեմը" նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց, և պատասխան մրցավեճում լոնդոնցիներին կբավարարի նույնիսկ ոչ-ոքին։ Հավելենք նաև, որ "Տոտենհեմը" Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում երկրորդ անգամ էր ժամանել իտալական "Սան Սիրո" մարզադաշտ։ Նախորդ դեպքում Ռեդնապի սաները 3-4 հաշվով զիջել էին Իտալիայի չեմպիոն "Ինտերին": Խաղի հերոսը. onlyfootball.ucoz.com ֆուտբոլային կայքի կարծիքով խաղի լավագույն խաղացող միանշանակ կարելի է ճանաչել Ահարոն Լենոնին, ով ողջ խաղի ընթացքում ամեն ինչ արեց, որ իր թիմը կարողանա հաղթել. հենց նրա շնորհիվ Կրաուչը գրավեց "Միլանի" դարպասը: Թեպետ իրենց լավագույն կողմերով դրսևորեցին "խթանների" բոլոր խաղացողները, հատկապես դարպասապահ Էուրելիո Գոմեսը, հենակետային կիսապաշտպան Պալասիոսը, և իհարկե, թիմի առաջատար դարձած Ռաֆայել վան դեր Վարտը, բայց ամեն դեպքում լավագույնը մեկն է, և մեր կարծիքով այդ մեկը Լենոնն է: Հ.Գ. Այս խաղի գոլին, վտանգավոր պահերին ու հետաքրքիր իրավիճակներին կարող եք ծանոթանալ "Տեսահոլովակներ" բաժնում: Attachments: Նկար 1 | |
|
Total comments: 0 | |