Home » 2011 » Փետրվար » 1 » Տրանսֆերային ամենանշանակալի իրադարձություններն Իսպանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում և Իտալիայում
07:57
Տրանսֆերային ամենանշանակալի իրադարձություններն Իսպանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում և Իտալիայում
Հերթական տրանսֆերային պատուհանն այսօր ուշ կեսգիշերին փակվեց: Տրանսֆերային պատուհանի վերջին օրը եղան մի շարք աղմկոտ տրանսֆերներ, որոնք, անշուշտ, կգրանցվեն ֆուտբոլի պատմության մեջ: Բոլոր հետաքրքիր 2011թ. ձմեռային տրանսֆերների մասին Ձեզ է շտապում պատմել ու տեղյակ պահել մեր կայքը:
Վաղուց հայտնի է, որ ամենաուժեղ ու գրավիչ ֆուտբոլը ցուցադրում են Անգլիայում: Այդ երկրի ազգային առաջնությունը ձգում է շատ ֆուտբոլիստների իր պայքարի տենչով, և ինչու ոչ, նաև մեծ գումարներով: Հենց անգլիական "Պրեմիեր լիգայում" էլ պայթեցին ձմեռային տրանսֆերային պատուհանի ապակիները: Այս մասին կխոսենք առանձին:
Հարկ է նշել, որ եվրոպական մյուս թոփ առաջնություններում ակումբները ծախսել են շատ քիչ, այն էլ ելնելով համալրման ծանր կարիքից: 

Իսպանիայում ձմեռային պատուհանի ժամանակ մեծ հաշվով ոչ մի յուրահատուկ ու աղմկոտ բան էլ չեղավ, եթե իհարկե չհաշվենք հոլանդացի կիսապաշտպան Իբրահիմ Աֆելլայի տրանսֆերը կատալոնական "Բարսելոնա": Մյուս նորություններից կարող ենք առանձնացնել Մադրիդի "Ատլետիկոյի" ձմեռային գնումը. բրազիլական "Կորինտիանսից" թիմ եկավ ծագող աստղ Էլիասը, իսկ գործարքի գինը գնահատվեց մոտ 6 մլն ֆունտ ստեռլինգ: Այդ թվում պետք է ասել, որ "շերտավորները" մի քանի բարձրագոչ առաջարկներ ստացան իրենց հարավամերիկյան աստղային հարձակման զույգի` Դիեգո Ֆոռլանի և Սերխիո Ագուերոյի համար: Բայց այս խաղացողներին ցանկացող բոլոր թիմերն էլ կոշտ մերժման արժանացան մադրիդյան ակումբի ղեկավարության կողմից: Իսպանական "Լա Լիգայում" ևս մեկ քաղցր պատառ է համարվում "Վիլյառեալի" իտալացի հարձակվող Ջուզեպպե Ռոսսին: Այս ֆուտբոլիստի համար անգլիական "Տոտենհեմը" պաշտոնապես 35 մլն եվրո առաջարկեց, սակայն "Դեղին սուզանավների" ղեկավար կազմը որոշեց իր ռմբարկուին պահել թիմի կազմում: Մեծ ու աղմկոտ ֆուտբոլային տրանսֆերների սիրահար մադրիդյան "Ռեալը" թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կարծիքով լուրջ նորեկների կարիք չուներ, այդ պատճառով էլ "Արքայական ակումբի" կողմից այս ձմեռ տրանսֆերային բումեր չնկատվեցին: Ամեն դեպքում մեկ տրանսֆեր "Գալակտիկոսներն" իրականացրեցին. անգլիական "Մանչեսթեր Սիթիից" կես տարի վարձավճարով վերցրեցին Էմանուել Ադեբայորին, ով արդեն մեկ պաշտոնական հանդիպման է մասնակցել "սերուցքային" մարզաշապիկով: Նշենք, որ իսպանական ակումբներից այս անգամ ամենաակտիվը "Մալագան" էր, որը լուրջ համալրումներ ստացավ, ի դեմս Մարտին Դեմիչելիսի, Ժուլիո Բապտիստայի, Իգնասիո Կամաչոյի, Սեխիո Ասենչոյի և Էնցո Մարեսկայի: Այս բոլոր նորեկների համար "Մալագան" ծախսեց ընդամենը 5.7 մլն ֆունտ ստեռլինգ:
Գերմանական "Բունդեսլիգայում" ամեն ինչ հանգիստ ու միատոն անցավ: Կայացավ ընդամենը մեկ աղմկոտ տրանսֆեր. "Հոֆենհայմից" դեպի մյունխենյան "Բավարիա" տեղափոխվեց Լուիս Գուստավոն, ում տրանսֆերը գնահատվեց 12 մլն ֆունտ: Գերմանական մյուս ակումբները նույնպես համալրումներ ունեցան, բայց թոփ ակումբներից շատերն ունեցան աստղային կորուստներ: Նշենք, որ "Բայերի" հարձակվող Պատրիկ Հելմեսը տեղափոխվեց "Վոլֆսբուրգ": Ընդհանրապես "գայլերը" խելացիորեն օգտագործեցին այն գումարները, որոնք ստացել էին "Սիթիից" իրենց առաջատար Էդին Ջեկոյի համար. նրանք գնեցին նաև "Սթոք Սիթիի" թուրք հարձակվող Թունջայ Սանլիին: Գերմանիան ավարտելիս նշենք, որ "Շտուտգարտի" շարքերը համալրեց ճապոնացի հարձակվող Սանձի Օկազակին:
Ֆրանսիայում տրանսֆերային շուկայում բոլորից ակտիվ էր "Մոնակոն", ում շարքերը համալրեցին մադրիդյան "Ռեալից" Մահմադու Դիարրան, Հոնդուրասի ազգային հավաքականի հարձակվող Ջորջի Ուելկոմը և մոսկովյան "ԲԿՄԱ" թիմի խաղացող Մուսսա Մազուն: Հիշեցնենք նաև Ռոդա Ֆաննիի տրանսֆերի մասին, որը արժեր 3.25 մլն եվրո. խաղացողը "Ռենից" տեղափոխվեց "Մարսել":
Իտալական Ա Սերիայում տրանսֆերային գործընթացը թեժ էր ու հագեցած: "Կալյարիի" և Իտալիայի ազգային հավաքականի դարպասապահ Ֆեդերիկո Մարկետտին տեղափոխվեց "Ջենոա": "Միլանը" պայմանագրեր կնքեց հոլանդական "Այաքսի" կիսապաշտպան Ուրբի Էմանուելսոնի, "Բավարիայի" ավագ Մարկ վան Բոմելի հետ, ով "ռոսոններիների" կազմում անցկացրած իր առաջին իսկ խաղում կարմիր քարտ ստացավ: "Միլանի" գլխավոր համալրումը կարելի է համարել Իտալիայի ազգային հավաքականի խաղացող Անտոնիո Կասսանոյին: Տրանսֆերային պատուհանի վերջին րոպեներին "Միլանը" ստորագրեց նաև "Յուվենթուսի" պաշտպան Նիկոլյա Լեգրոտալյեին: Իր հերթին թուրինյան երբեմնի հսկան այս տրանսֆերային պատուհանի ժամանակ բավականին լավ աշխատանք կատարեց: Նախ թուրինցիները գնեցին Լուկա Տոնիին, ով առաջին իսկ խաղում վնասվածք ստացավ, ապա` "Կալյարիի" տաղանդավոր հարձակվող Ալեսանդրո Մատրիին, իսկ հետո էլ "Պարմա" ուղարկեցին բրազիլացի Ամաուրիին: "Յուվենթուսը" գերմանական "Վոլֆսբուրգից" գնեց 2006թ. աշխարհի չեմպիոն, իտալացի պաշտպան Անդրեա Բարցալիին, ում հետ 2.5 տարվա պայմանագիր կնքվեց, հետո "Յուվենթուսը" նաև համաձայնագիր կնքեց` առաջինը գնելու բրազիլացի վունդերկինդ Լուկաս Պյազոնին: "Կատանիայի" առաջատար Ջուզեպպե Մասկարան տեղափոխվեց "Նապոլի": Բացի դրանից նեապոլցիները պայմանագիր ստորագրեցին Իսպանիայի երիտասարդական հավաքականի խաղացող Վիկտոր Ռուսի հետ: Ամենաաղմկոտ տրանսֆերներն իրականացրեց երկրի չեմպիոնը` "Ինտերը": Ամենասկզբից իտալական թիմը "Սանդեռլենդ" ուղարկեց Սալլի Մունտարիին: Դրանից հետո 11 մլն եվրոյով գնեց "Սամպդորիայի" հարձակվող Ջիանպաոլո Պացցինիին, ում հետ 4.5 տարվա պայմանագիր կնքվեց: Հակառակ ուղղությամբ "Ինտերից" մեկնեց ֆրանսիացի 22-ամյա երիտասարդ հարձակվող Ժոնաթան Բիաբիանին: Այնուհետև ճապոնացի Յուտո Նագատոմոն վարձավճարային հիմունքներով տեղափոխվեց "Ինտեր", իսկ միլանյան թիմի երիտասարդ պաշտպան Դավիդե Սանտոնն էլ գնաց "Չեզենա", որտեղ կխաղա մինչև մրցաշրջանի ավարտը: "Ինտերն" ուժեղացրեց նաև իր միջին գիծը` տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրը գնելով "Ջենոայի" մարրոկացի կիսապաշտպան Հուսսեյն Խարջյային:

Attachments: Նկար 1
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 425 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0