07:49 "Արսենալը" հաղթեց անթև չեմպիոնին | |
Երեկ ուշ երեկոյան կայացավ լոնդոնյան դերբին` "Արսենալն" ընդդեմ "Չելսիի": Երկու թիմերն էլ լրջագույնս պատրաստվել էին այս մենամարտին, բայց ինչպես ցույց տվեց խաղի ընթացքն, այսօր եթե "Արսենալը" վերելքի փուլում է, ապա "Չելսին" զիջում է իր նախկին դիրքերը: "Արիստոկրատների" գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտնվել է դժվարին կացության մեջ. ինչպես վերադարձնել սեփական սաներին հաղթելու ծարավը, պայքարի տենչը: Չի կաչելի ասել, թե իտալացի մասնագետի սաները շատ վատ խաղացին, բայց պետք է փաստել, որ Արսեն Վենգերի երիտասարդ թիմն արդեն հասուն ֆուտբոլ էր ցույց տալիս, ու եթե այսպես շարունակի խաղալ, ապա հաստատ չեմպիոնական տիտղոսի համար թեժ մրցապայքարում կարող է հաջողության հասնել` շրջանցելով նույնիսկ Ֆերգյուսոնի "սատանաներին":
Առաջին խաղակեսի վերջին րոպեին "զինագործ" Սոնգը կարողացավ առաջ մղել իր թիմին: Այս գոլից հետո թվում էր, թե "Չելսին" ողջ թիմով առաջ կնետվի` բաղձալի հաղթանակ կորզելու, բայց...: Աբրամովիչի ենթականները չկարողացան իրենց սեփականատիրոջը Նոր տարուց առաջ նվեր մատուցել` մրցաշարային աղյուսակում հայտնվելով վերին հորիզոնականներում: Երկրորդ խաղակեսը նոր էր սկսվել, երբ Վենգերի սաները ևս երկու անգամ խոցեցին "Չելսիի" դարպասը. նախ 51-րդ րոպեին աչքի ընկավ Ֆաբրեգասը, ապա 2 րոպե էլ չէր անցել, երբ Թեո Ուոլքոթը հաշիվը դարձրեց 3:0 հօգուտ տանտերերի: "Չելսիի" ֆուտբոլիստների մոտ շատ բան անել չհաջողվեց. նրանք միայն կարողացան կրճատել հաշվի տարբերությունը: Հանդիպման 57-րդ րոպեին աչքի ընկավ Իվանովիչը: Խաղի մնացած ժամանակահատվածը փաստեց ու ընդգծեց, որ այս մրցաշրջանում "Չելսին" այլևս գոլ-մեքենա չէ, այն ուղղակի թոփ մակարդակի թիմ է, որն այսօր խաղային ծանր հետընթացի մեջ է ընկել, որից պետք է շուտափույթ դուրս գալ, եթե ցանկություն կա չեմպիոն հռչակվելու: Հ.Գ. Եթե շատերը դերբիից առաջ կարծում էին, թե "Արսենալը" դեռ երիտասարդ է ու չի կարող պայքարել չեմպիոնության համար, ապա մրցավեճից հետո այդ մարդիկ փոխեցին իրենց տեսակետը, քանի որ Ֆաբրեգասի գլխավորությամբ Վենգերի թիմն վերջին շրջանում ուղղակի ճախրում է խաղադաշտում` վերևից նայելով բոլորին: Այս հանդիպման վտանգավոր պահերն ու գոլերը կարող եք դիտել մեր "Տեսահոլովակներ" բաժնում: Attachments: Նկար 1 | |
|
Total comments: 0 | |