22:53 Անգլիայում շարունակվում է ֆուտբոլային շաբաթը | |
Այժմ Ձեզ կներկայացնենք Անգլիայի "Պրեմիեր" լիգայի առաջնության հերթական տուրի տեսությունը: Սկսենք Մանչեսթեր քաղաքից, որտեղ Ռոբերտո Մանչինիի գլխավորած "Մանչեսթեր Սիթին" դժվարին հաղթանակ տոնեց "Բլեքպուլի" նկատմամբ: Հանդիպման միակ գոլի հեղինակ դարձավ Ադամ Ջոնսոնը` խաղի 34-րդ րոպեին գրավելով մրցակցի դարպասը: Հիշեցնենք, որ այս խաղում Կառլոս Տևեսը չի կարողացել անվրեպ իրացնել "Բլեքպուլի" դարպասին նշանակված 11 մետրանոցը: Մանչեսթերյան մյուս թիմը` "Յունայթեդը" կարողացավ հաղթանակ տոնել "Վեստ Բրոմվիչի" հետ խաղում: Արդեն հանդիպման սկզբում Ուեյն Ռունին կարողացավ առաջ մղել "սատանաներին": Մի քանի րոպե անց Ջեյմս Մորիսոնը հավասարեցրեց խաղի հաշիվը: Հետաքրքիր պայքար ծավալվեց նաև հանդիպման երկրորդ խաղակեսում: Բեկումնային եղավ 63-րդ րոպեն, երբ Պիտեր Օդամվինգեն չկարողացավ անվրեպ իրացնել "Յունայթեդի" դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածը: Այս դրվագից հետո խաղի նախաձեռնությունն ամբողջովին անցավ Սըր Ալեքսի սաների կողմը, ովքեր էլ կարողացան Հերնանդեսի գոլի օգնությամբ հաղթել ու պահպանել առաջին հորիզոնականը: "Լիվերպուլը" կարողացավ սեփական հարկի տակ կայացած խաղում հաղթել ամուր ընկույզ "Բոլտոնին": Խաղի վերջին րոպեին լիվերպուլցիներին հաղթանակ պարգևեց Ջո Քոուլը, ով խաղի հաշիվը դարձրեց 2-1 հօգուտ "կարմիրների": Դժվարին հաղթանակ տարավ նաև լոնդոնյան "Տոտենհեմը": Գարեթ Բեյլի շնորհիվ թիմը նվազագույն հաշվով հաղթեց "Ֆուլհեմին": Իսկ մեկ այլ լոնդոնյան թիմ` Արսեն Վենգերի գլխավորած "Արսենալը" 3-0 հաշվով ջախջախեց "Բիրմինհեմին": Նույն հաշիվը գրանցվեց նաև "Սանդերլենդ"-"Բլեքբեռն" հանդիպման ժամանակ: "Սանդերլենդի" հաղթանակը կերտեցին թիմի 3 հարձակվողները` Գյանը, Բենթը և Ուելբեկը: "Վեսթ Հեմ"-"Վուլվերհեմփթոն" և "Սթոք Սիթի"-"Էվերտոն" հանդիպումներն ավարտվեցին միևնույն 2-0 հաշվով, և երկու դեպքում էլ հաղթեցին դաշտի տերերը: | |
|
Total comments: 0 | |