Home » 2011 » Հունվար » 31 » Ի՞նչ կարելի է սպասել "Ռեալից". երկրպագուի աչքերով... Մաս 2
12:06
Ի՞նչ կարելի է սպասել "Ռեալից". երկրպագուի աչքերով... Մաս 2
Այսօր «Ռեալի» ցանկացած երկրպագու իր թիմին համեմատում է միայն մեկ թիմի հետ` «Բարսելոնա»: Արդյո՞ք այժմ այդպիսի համեմատությունները հարկավոր են: Այս հարցին ես միանշանակ դրական պատասխան կտամ: Ինչո՞ւ: Բացատրեմ. ներկայումս «կապտանռնագույններն» աշխարհի լավագույն թիմն են, ուշադրություն դարձրեք "թիմ" բառին: Նրանք թիմ են, անխափան գործող մեքենա, նրանց ամեն մի շարժումն արդեն իսկ մի քանի անգամներ գործածվել է ու հասցվել ավտոմատացման: Ահա թե ինչ է հարկավոր «Ռեալին»` սովորել իր հակառակորդից բոլոր դրականը, բայցև մնալ ինքնատիպ:
Բոլոր ֆուտբոլասերներն էլ գիտեն, որ ամենալավը խաղալը ոչ մի թիմի հեշտությամբ չի տրվել, այն տրվել է երկարատև ու տանջալից մարզումների, ծանր ու ստաբիլ աշխատանքի շնորհիվ:
Այսօր «Ռեալում» են խաղում աշխարհի լավագույնները` դարպասապահից սկսած ու մարզչական շտաբով վերջացրած: «Ռեալը» պետք է օգուտ քաղի իր ֆուտբոլային անհատների ուժեղ կողմերից. հարկավոր է օգտագործել Ռոնալդուի ֆենոմենալ արագությունը, պետք է այնպես անել, որ Բենզեման սկսի դառնալ Բենզեմա, իսկ Կական` Կակա:
«Ռեալի» նվիրյալ երկրպագուն, որ երկրի քաղաքացի էլ նա լինի, պետք է հասկանա ու թողնի, որ Մոուրինյոն հանգիստ աշխատի: Իհարկե, միշտ հեշտ է կողքից պահանջելը, բայց այդ պահանջը չպետք է վերածվի կործանիչ ճնշման. այսօր «Ռեալը» ենթարկվում է կործանիչ ճնշման: Ահա սա երեկվա պարտության գլխավոր պատճառը:
Մոուրինյոյի գալով` թիմում եղել են լուրջ փոփոխություններ. նախ թիմն արդեն ունի պրագմատիկ ոճ, որն ավելի շատ բնորոշ է անգլիական թիմերին ու գրեթե միշտ դրական արդյունք է ապահովում, իսկ այսօր արդյունքն է գնահատվողը: Բարելավվել է թիմի տակտիկան, մարզիչը դեռ մարտավարական փորձարկումներ է կատարում, բայց շուտով դրա արդյունքում կձևավորվի խաղային վերջնական ձեռագիր: Բարելավվել է նաև թիմի ֆիզիկական ու ֆունկցիոնալ պատրաստականությունը: «Ռեալում» արդեն փորձում են խաղալ թիմային ֆուտբոլ, որը շուտով իրականության կվերածվի: Մոուրինյոն թիմի ղեկը վերցրել է իր ձեռքը, իսկ դա շատ կարևոր է: Այսուհետ նա է որոշումներ կայացնողը. Վալդանոն արդեն ետին պլան է մղվել:
Հասկանալով, որ անհնար է երկար սպասեցնել նվիրյալ երկրպագուներին, «Ռեալն» այս մրցաշրջանում ձգտում է գոնե մեկ տիտղոս նվաճել` ցուցադրելով թիմային խաղ, ուշադիր եղեք "թիմային" բառի նկատմամբ:
Իհարկե, թիմում կան Ռոնալդուն, Կական, Բենզեման, Կասիլյասը, Ռամոսը… ու սրանք այն տղաներն են, որոնք անհատականություններ են, բայց պետք է դրական իմաստով կոտրել նրանց անհատականությունը, որպեսզի «Ռեալը» լինի թիմ, և ոչ թե աստղաբույլ, գալակտիկոսների հավաքածու: Մոուրինյոն կարող է անել նույնիսկ ամենաանհնարինը, միայն թե բոլորս պետք է հասկանանք ու սպասենք: Թե ինչքան է հարկավոր, դեռ անհայտ է, բայց որ արդեն զգացվում է թիմային որոշակի ձեռագիր, դա արդեն խոստումնալից է: Եկեք սպասենք… Կարծում եմ, որ «մադրիդյան» թիմի մարզաշապիկը հագնող ցանկացած ֆուտբոլիստ պետք է նվիրվի ամբողջությամբ. այսօր դեռևս չի նկատվում նման նվիրվածություն (օր. Ռոնալդուն, երբ գնդակ է կորցնում, չգիտես ինչու` ձեռքերը դնում է կոնքերին ու սպասում, իսկ ինչի՞ է սպասում, հարկավոր է խլել գնդակը: Երեկվա խաղում նկատվեց, որ պորտուգալացին աշխատում է այդ ուղղությամբ. այսինքն հույսի թույլ նշույլ, այնուամենայնիվ, կա): Մեր կաթնագույն մարզաշապիկը միայն հպարտություն պետք է ներշնչի ցանկացած խաղացողի, նույնիսկ Կակայի ու Ռոնալդուի պես աստղերին:
Հ.Գ.  Ուզում եմ դիմել բոլոր հայ երկրպագուներին, անկախ թե որ թիմին են նրանք երկրպագում. ոչ մի պահ, ոչ մի պարտություն կամ միավորի կորուստ թող Ձեզ` իսկական երկրպագուներիդ,  չհուսահատեցնի, քանի որ Ձեր աջակցությունը միշտ էլ ոգևորիչ է թիմի համար: Իսկ «Ռեալի» երկրպագուներին կասեմ` երբեք մի հուսահատվեք, եղեք թիմի կողքին, սիրեք թիմի մենթաիտետն ու կյանքում միշտ հաղթող եղեք:
Attachments: Նկար 1
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 481 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0