16:08 Յուրա Մովսիսյանը ժամանեց Ռուսաստան | |
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանն ակտիվ բանակցություններ է վարում Ռուսաստանի Կրասնոդարի համանուն թիմի հետ։ Դանիական "Ռանդերսում" ելույթ ունեցող Մովսիսյանն այսօր առավոտյան Դանիայից ուղևորվել է Մոսկվա, որտեղից էլ կմեկնի Կրասնոդար։ Եթե կողմերն ընդհանուր հայտարարի գան, ապա վաղը հայ հարձակվողը պայմանագիր կկնքի "Կրասնոդարի" հետ։ "Կրասնոդարը" Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 2010թ. առաջնությունում գրավել է 5-րդ հորիզոնականը, սակայն ակումբի ղեկավարությունը երեկ դիմել է ՌՖՄ-ին՝ ցանկություն հայտնելով մասնակցել Ռուսաստանի 2011թ. "Պրեմիեր լիգային"։ Հայտնի է, որ մերձմոսկովյան "Սատուրնը" հրաժարվել է ելույթ ունենալ ուժեղագույնների խմբում, ուստի այժմ ռուսական "Պրեմիեր լիգայում" կա մեկ թափուր տեղ։ Մերձմոսկովյան թիմին փոխարինելու իրավունք ունի առաջին դիվիզիոնում 3-րդ տեղը գրաված "Նիժնի Նովգորոդը", ապա 4-րդ տեղում հայտնված "ԿԱՄԱԶ"-ը, սակայն այս ակումբները ցանկություն չեն հայտնել ելույթ ունենալ "Սատուրնի" փոխարեն։ Ռուսական "Պրեմիեր լիգայի" վերջնական կազմը հայտնի կդառնա հունվարի 25-ին։ Ռուսաստանի առաջնությունը լքելու մտադրություն ունի նաև Պերմիի "Ամկարը", որը ևս ֆինանսական ճգնաժամի մեջ է։ Եթե "Ամկարը" ևս լքի "Պրեմիեր լիգան", ապա Ռուսաստանի առաջնությունը կարող է անցկացվել 14 թիմերի մասնակցությամբ։ Այս մասին մեզ տեղեկացնում է ռուսական "Советский спорт" պարբերականը: Attachments: Նկար 1 | |
|
Total comments: 0 | |